Այստեղ կան բացասական էմոցիաներ, մի՛ կարդա, եթե հավես չունես

Երեկ ինչ որ տեղ այս միտքն եմ լսել՝ «ամեն ինչ սկսվում է քո սենյակից, ինչպիսին որ սենյակդ է, այնպիսին էլ կյանքդ, ներսդ, մտքերդ» հստակ չեմ հիշում, բայց իմաստը սա էր։ Ընդհանուր առմամբ համաձայն եմ այս մտքի հետ։ Աչքերս բացել ու նայում եմ առաստաղին՝ սպիտակ, ոչինչ չասող։ Ուզում եմ վեր կենալ, չեմ կարողանում, հիշում եմ, որ առավոտյան եմ քնել, վատ լուրեր կարդալուց հետո։ Նայում եմ պատուհանից դուրս, մութ է, ու այս զգացողությունը զզվելի է։ Արևի պակասը ոչնչացնում է այն հույսը, որ այսօր մի կաթիլ էներգիա կգտնեմ տեղից վեր կենալու համար։ Շուռումուռ եմ գալիս ու այնպիսի զգացողություն է, թե մեկը հյութի ձողիկով թևերիս ծալվող հատվածի երակներից քաշում է արյունս։ Ձեռքերիս ու ոտքերիս թուլանալը ատում եմ։ Հայաստանի ընկերներիս եմ գրում, առաջին անգամ խնդրում եմ մի լավ բան պատմել այնտեղից։ Գայուշի մոտ ստացվում է, բայց դա ինձ չի օգնում։Երեք ժամ հեռախոսով սքրոլ անելուց հետո սովի զգացողությունը ինձ դուրս է շպրտում անկողնուց։ Խոհանոցից վերադառնում եմ ու նայում սենյակիս, ագա՜, ոչնչով չի տարբերվում ներսիցս։ Բառդակ բառը ակտուալ է լինելու քանի դեռ զինվորականներ են խոսում, ասեմ հա՛մ սենյակում, հա՛մ ներսումս իսկական բառդակ է։ Միակ տարբերությունն այն է, որ սենյակը հավաքելը կարճ ժամանակ է պահանջում, իսկ ներսը հավաքելը չգիտեմ, բայց կարճ չի հաստատ։ Իսկ ես ժամանակ չունեմ՝ գործից ուշանում եմ, դրա համար ինչպես թափթփած իրերը, այնպես էլ էմոցիաները խցկում ենք աչքին ընկած դարակներով, այնպես, որ թվա՝ ամեն ինչ կարգին է, ու դուրս ենք գալիս տնից։ Բայց մանավանդ էմոցիաները պիտի զգույշ խցկենք, որ դարակները լցվեն, իրենք իրենց հետ են բացվելու ու թափվեն։ Այդ ժամանակ տակից դուրս գալը դժվար կլինի, երևի։ Հ․գ Սենյակում միշտ մոմեր ու ծաղիկներ ունեմ, իսկ ներսում սիրուն էմոցիաներ, որ միշտ խաղաղություն ու էսթետիկա են հաղորդում, չնայած, միշտ չէ, որ փրկում են իրավիճակը։